Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Հույսի, հավատի, սիրո ավետաբեր

Հույսի, հավատի, սիրո ավետաբեր

Ինչպիսի ասպարեզ էլ ընտրած լինի կինը, անգամ քաղաքական ու սոցիալական հզոր անհատականություն էլ լինի, միևնույնն է, համայն մարդկության գեղեցիկ կեսի ներկայացուցիչն ինքը պաշտպանվածության, ուշադրության, գնահատանքի կարիք ունի` ոչ նրա համար, որ դրանով հավասարության նշան դրվի կին-տղամարդ հասկացությունների միջև:

 

Չափազանց գնահատելի է, որ, որ հայ կինն իր ամուսնական, մայրական, ընտանեկան պարտականություններն անխռով ու պատրաստակամ իրականացնելուց զատ, կարողանում է ժամանակ հատկացնել ուսմանն ու գիտությանը, իր անխոնջ մասնակցությամբ ու աշխատանքով շրջապատի մարդկանց, հասարակությանն առողջություն պարգևում` նրանց մեջ արթնացնելով հույսի, հավատի, սիրո, ասել է` երջանկության բողբոջներ, միաժամանակ համարվելով ազգի բազմազան ու հարատևման խորհրդանիշ:

 

Իր  ապրած երկար ու ձիգ տարիների ընթացքում այդպիսի աշխատանքային ճանապարհ է անցել ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ֆթիզիատրիայի ամբիոնի դոցենտ Իզոլդա Սողոյանը, ում ավելի քան կեսդարյա աշխատանքային կենսագրությունը վերն ասվածի վառ ապացույցն է:

 

Թիֆլիսում ծնված, միջնակարգ կրթություն ստացած 18-ամյա Իզոլդան,  տեղափոխվում է Երևան, ընդունվում բժշկական  ինստիտուտ և դառնում բուժֆակի ուսանողուհի: Դեռ չավարտած, նա ամուսնանում է համակուրսեցի Վիկտոր Ափոյանի հետ, իսկ դիպլոմն ստանալուց հետո, երիտասարդ ամուսնական զույգն աշխատանքի է գործուղվում Լիպեցկի մարզ: Աշխատանքային կենսագրության առաջին տարին էլ վիրաբույժ ամուսնու և մանկաբույժ Իզոլդայի համար իսկական փորձության, ինչ-որ տեղ ինքնահաստատման ժամանակաշրջան էր:

 

1960-ին նրանք վերադառնում են Հայաստան, Ալավերդու բուժմիավորումում ամուսինն զբաղեցնում է գլխավոր բժշկի, իսկ տիկին Սողոյանն առավելապես ֆթիզիատորի պարտականություններն է իրականացնում, որն էլ հետագայում  պատճառ դարձավ, որ նա Մոսկվայում անցնի կլինիկական օրդինատուրա և մասնագիտացում Սանկտ-Պետերբուրգում: Ցուցաբերած առաջադիմության համար, նա որոշ ժամանակ մնաց և աշխատեց Մոսկվայում:

 

Հետագա աշխատանքային ամբողջ գործունեությամբ, մինչև օրս կապված է  ԱՆ ԱԱԻ-ի հետ, ուր աշխատանքի է ընդունվել ֆթիզիատրիայի ամբիոնում որպես ընթերակա, դարձել դոցենտ, ընդհուպ մինչև 2009 թվականի վերջերը, զբաղեցրել ֆթիզիատրիայի ամբիոնի վարիչի պաշտոնը, այնուհետև դարձել՞՞՞դոոցենտ, որովհետև շատ բան ունի հաղորդելու ոչ միայն երիտասարդ գործընկերներին, այլև կլինօրդինատորներին, ովքեր նախընտրել են ֆթիզիատրիան:

 

Նա մեծագույն հպարտությամբ և ջերմությամբ է հիշում խորհրդային տարիներին ակադեմիկոս Ավդալբեկյանի ջանքերով Երևանում կազմավորած բժիշկների կատարելագործման ինստիտուտի իր աշխատանքային տարիները: Ինստիտուտը, որի բարձր վարկանիշի շնորհիվ, մասնագիտական կրթության և վերապատրաստման էին մեկնում Խորհրդային Միության հազարավոր բժիշկներ:  Նա շատ բարձր է գնահատում ուսումնական և բժշկական ասպարեզների այդ բազմազգ երկրի ձեռքբերումներն ու  հետևողականությունը հիվանդությունների կանխարգելման, հատկապես մանկահասակ երեխաների համաճարակային հիվանդությունների դեմ պատվաստման, զանազան հիվանդությունների հայտնաբերման և բուժումն իրականացնելու առումներով:

 

Անդրադառնալով իր մասնագիտությանը, նա ցավով է արձանագրում, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, հատկապես տնտեսական ճգնաժամի, անլույս ու ցուրտ տարիներին, 2-2,5 անգամ համաճարակային ցուցանիշների աճ էր արձանագրվել: Մինչդեռ խորհրդային տարիներին տուբերկուլոզով հիվանդացածության ցուցանիշներով 15 հանրապետությունների շարքում Հայաստանը վերջին հորիզոնականն էր զբաղեցնում` առաջ անցնելով նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, հարևան Վրաստանից և Ադրբեջանից:

 

Նա կամենում է, որ առողջապահության բնագավառը ղեկավարող այրերը, մեր հասարակությունն առավել սրտացավությամբ ու նվիրումով շարունակեն պայքարն առողջապահության  առավել բարդ խնդիրներից մեկի դեմ, ինչպիսին տուբերկուլոզն է:

 

Չմոռանանք` տուբերկուլոզը, որքան էլ դժվար բուժելի, մնում է առաջին հերթին որպես սոցիալական հիվանդություն` շարունակելով տարածվել և սպառնալ միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական ու սոցիալական բարեկեցությանը:

 

Տիկին Իզոլդան ցավով է փաստում, որ յուրաքանչյուր տարի աշխարհում ավելի քան 10 մլն նոր դեպք է գրանցվում, իսկ 2 մլն մարդ մահանում է տուբերկուլոզ չարանենգ հիվանդությունից:

 

Հուսադրող է, որ վերջին տարիներին Հայաստանում հիմնական համաճարակային ցուցանիշների կայունացման միտում է նկատվում. 100 հազար ազգաբնակչության հաշվարկով հիվանդացության միջին ցուցանիշը կազմում է 46-47, մահացությանը`  4,3:

 

Ընտանեկան, կանացի երջանկությանը, այլ նախասիրություններին, հետաքրքրությունների շրջանակին նվիրված մեր հարցերին 80-ամյակի շեմ մտած երկարամյա բժիշկ-մանկավարժը հարևանցի պատասխաններ է  տալիս` դրանք դարձյալ կապելով հիմնական մասնագիտությանն ու աշխատանքին: Ոչ նրա համար, որ մնացածը երկրորդային է: Նա նվիրված կին է, հպարտ իր համբավավոր վիրաբույժ, ակադեմիկոս ամուսնով, ծնողների մասնագիտությունը շարունակող որդիներով, չորս թոռներով: Յուրաքանչյուր նոր բացված օր նա աշխատանքի է գնում գերագույն հրճվանքով, փութկոտ շտապողականությամբ, որովհետև աշխատանքը նրա համար մարդկանց հետ շփվելու, իր գիտելիքները, տարիների փորձն ուսանողներին, կլինիկական օրդինատորներին փոխանցելու, ապաքինվելոի կարիք ունեցող մարդկանց հույս, հավատ և ապրելու ցանկություն ներարկելու հրաշալի միջոց:

 

Այլ խոսքով, աշխատանքը նրա համար տոն է, նույնքան նվիրական, նույնքան ցանկալի, ինչպիսին գարուն ավետող Մարտի 8-ը, Կանանց միամսյակը, որը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների նկատմամբ տղամարդկանց առավել ուշադիր, ներողամիտ, գնահատող և հոգատար է դարձնում:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 9 (547) 12.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ